ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լոնդոնյան գագաթաժողովը տարածաշրջանային տեսանկյունից

Լոնդոնյան գագաթաժողովը տարածաշրջանային տեսանկյունից
10.04.2009 | 00:00

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Գերգլոբալ քաղաքական միջոցառումը` G20-ի գագաթաժողովը, ստացավ լեգիտիմության բարձրագույն սերտիֆիկատ թեկուզ նրանով, որ անցկացվեց համաշխարհային առաջին մայրաքաղաքում` Լոնդոնում։ Այն դարձավ համաշխարհային աշխարհաքաղաքական կառուցվածքի վերափոխման ջրբաժան և յուրօրինակ սկիզբ, քանի որ այլևս դարձել է լուրջ խոչընդոտ պետությունների մեծամասնության զարգացման համար։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, գիտակցելով, որ գագաթաժողովը կարող է դառնալ իրենց կողմից ստեղծված համաշխարհային տնտեսական համակարգի վրա արմատական հարձակումների սկիզբ, փորձեցին պաշտպանել լիբերալ-շուկայական առաջնահերթությունները, ինչը հանգեցրեց ընդունված որոշումների սահմանափակության, անավարտության։
Երեք համաշխարհային ուժային կենտրոններ` ֆրանս-գերմանական տանդեմը, Չինաստանն ու Ռուսաստանը ո՛չ գաղափարախոսական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից պատրաստ չէին առաջարկել իրական այլընտրանք բրիտանա-ամերիկյան ֆինանսական համակարգին։ Սակայն դա չի նշանակում այդ համակարգի հաղթանակ։ Բրիտանա-ամերիկյան համակարգի հիմքում ամերիկյան դոլարն է որպես առաջին ռեզերվային վալյուտա` լիբերալ շուկայական աշխարհակարգի համատեքստում։ Այդ համակարգը, ըստ էության, մերժել է ինքն իրեն, քանի որ իդեալական շուկայական լիբերալիզմը ենթադրում է բազմազանություն և սահմանափակումների բացակայություն, երբ կարող են գոյություն ունենալ բազմաթիվ համաշխարհային համարժեք վալյուտաներ և նույնիսկ մասնավոր դրամանիշներ։ Այսինքն` «դոլարի դոկտրինը» դարձել է շուկաների զարգացումը սահմանափակող գործոն, ու համաշխարհային տնտեսությունը չի կարող հավերժորեն հաշտվել դրա հետ։
Այնուհանդերձ, լոնդոնյան գագաթաժողովը մեկ անգամ ևս ցույց տվեց համաշխարհային ուժային կենտրոնների ինքնուրույնության աճը և «նոր աշխարհակարգ» հաստատելու անհրաժեշտությունը։ Առայժմ համաշխարհային տնտեսության ու քաղաքականության մեջ հաղթում է արևմտա-ցենտրիստական իմպերիալիզմը և, փառք Աստծո, հակառակ դեպքում աշխարհը կհայտնվեր վերջնական քաոսի մեջ։ Եթե նոնկոմֆորմիստական ոճի կրողներն ընդունակ չեն այլընտրանք առաջարկելու, ավելի լավ է առայժմ լռեն ու սպասեն իրենց ժամին։ Այս իրավիճակում հարցական է, որ առհասարակ կարող է գոյություն ունենալ այլընտրանք։ ՈՒժեղացավ գիտակցումն այն իրողության, որ որքան Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանն ավելի են ընդգրկվում համաշխարհային տնտեսության մեջ, նույնքան նվազում են նրանց փաստարկները ստեղծված գլոբալ տնտեսական համակարգի հաղթահարման առումով։ «Այլընտրանքի» գլխավոր գաղափարախոսները` Ֆրանսիայի, Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարները, հաճույքով համաձայնեցին ԱՄՀ-ի առաջարկներին` միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետագա ճակատագրի ու գործունեության հետ կապված։ Անհրաժեշտ է ընդգծել, որ երրորդ աշխարհի երկրները, արևելաեվրոպական պետությունները նույնպես շունչները պահած սպասում էին գագաթաժողովի որոշումներին, քանի որ համաշխարհային շուկաների աջակցության գաղափարն այդ երկրների տնտեսության համար ջրի երեսին մնալու միակ հույսն էր։
ԱՄՆ-ը, փաստորեն, դիմում է համաշխարհային տերություններին` «կտրուկ շարժումներ» չանել և հնարավորություն տալ լուծելու ներքին խնդիրները։
Այն, ինչ առաջարկվեց Ռուսաստանին` «վերաբեռնում», այլ բան չէ, քան «շունչ առնելու» առաջարկ։ Այսինքն` առաջարկվում է համատեղ դադար վերցնել։ Որքանով այս գաղափարը կիմաստավորվի բոլոր գործընկերների կողմից և որքանով է այն իրատեսական միջազգային հարաբերությունների այսօրվա կոնտեքստում, քիչ է կախված ԱՄՆ-ի ցանկությունից։ Լոնդոնում և ֆրանս-գերմանական սահմանում ունեցած հանդիպումների ժամանակ նախագահ Բարաք Օբաման փորձեց յուրաքանչյուր գործընկերոջ առաջարկել այն, ինչ իրենից սպասում էին։ Եվրոպական պետությունների առջև ՆԱՏՕ-ի զարգացման նոր հեռանկարներ են բացվում` եվրոպական անվտանգության համակարգի զուգահեռ առկայության պայմաններում։ Ֆրանսիային ու Գերմանիային խոստացվել է որոշ չափով հաշվի առնել նրանց պահանջները` համաշխարհային ֆինանսական համակարգի վերահսկողության նոր սկզբունքների ընդունման հետ կապված։ Ռուսաստանին ազդանշան է տրված, որ ԱՄՆ-ը կթուլացնի իր ճնշումն ու հնարքները եվրասիական քաղաքականության մեջ։ Թուրքիային խոստացված է աջակցություն Եվրամիություն մտնելու հարցում։ Իրանին տրվել են ամենաանսպասելի խոստումները` վերաբերմունքի փոփոխության առումով։ Չինաստանը կարող է հուսալ Հարավարևելյան Ասիայում որոշ գործողությունների համաձայնեցման, ինչպես նաև ամերիկա-չինական տնտեսական հարաբերությունների կարգավորման։ Իսլամական աշխարհը սպասում է պաղեստինյան պետության ստեղծմանը, և ընդհանրապես ԱՄՆ-ի նախագահի երկրորդ անունն արդեն շատ բան է նշանակում։ Բոլոր այս ազդանշանները, սակայն, կարող են նշանակություն ունենալ միայն չափավոր, իրատեսական քաղաքականության իրականացման պայմաններում, երբ առանց բացառության, բոլոր համաշխարհային ուժային կենտրոններն ու տարածաշրջանային տերություններն արդեն իսկ զգացել են, թե ինչ է նշանակում միջազգային ու տարածաշրջանային անվտանգության համար Բուշի վարչակազմի տոտալ քաղաքականությունը։ Ներկայումս միայն Արևելյան Եվրոպայի երկրները, արտաքին վտանգի պրոբլեմ ունեցող պետությունները և ազգային-ազատագրական պայքար վարող ժողովուրդները պետք է ափսոսեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ Բուշի ժամանակաշրջանի ավարտը։
Գլխավորը, ինչ կարող է տեղի ունենալ լոնդոնյան գագաթաժողովի որոշումների արդյունքում, որոշակի հետևանքներն են համաշխարհային քաղաքականության մեջ, նաև տարածաշրջաններում։ Հնարավոր է երկու սկզբունքային սցենար. համաշխարհային կենտրոնները, սպասելով ճգնաժամի ավարտին, կզսպեն իրենց արտաքին քաղաքական հավակնությունները` խուսափելով լրացուցիչ լարվածությունից ու հակադրությունից։ Կամ էլ այդ նույն կենտրոնները կփորձեն արագացված կարգով լուծել մի շարք խնդիրներ` համաձայնեցված ու համախմբված, օգտագործելով նոր տնտեսական ու քաղաքական իրողությունները։ ԱՄՆ-ն ակնհայտորեն փորձում է կենտրոնանալ սեփական ներքին պրոբլեմների և տրանսատլանտյան հարաբերությունների զարգացման վրա, որոնք կներառեն ոչ միայն պաշտպանական, այլև տնտեսական ու անվտանգության խնդիրները լայն իմաստով։ Եթե խոսենք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ժառանգականության մասին, ապա պետք է գիտակցել, որ ամերիկացիների ռազմաքաղաքական ներկայությունը` Բալկաններից մինչև Չինաստանի սահմանները, առանձին քաղաքական ու ռազմական գործիչների կամ շրջանակների հավակնությունների հետևանքը չէ։ ԱՄՆ-ի քաղաքականությունն ու ներկայությունն այդ տարածքում պայմանավորված են ազգային անվտանգության պրոբլեմներով, որոնք ներառում են ոչ միայն գեոտնտեսական, այլև գեոռազմավարական հիմնախնդիրները։
Տողերիս հեղինակն առիթ է ունեցել բախվելու փայլուն փաստերի և հնարքների հետ` Սև ծովում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ամերիկյան քաղաքականության կառուցման առումով։ Հնարավոր է եղել հետևել ԱՄՆ-ում որոշ քաղաքական խմբավորումների պահվածքին, որն ինտերակտիվ ձևով արտահայտվել է քաղաքագետների ու ծրագրավորողների գործունեության մեջ։ Հասունացավ գիտակցությունը, որ ԱՄՆ-ի գլխավոր պրոբլեմն այս ուղղությամբ մասնագիտական կադրերն են, և որ Վաշինգտոնում տեղի է ունենում կադրային սելեկցիա, հեռացվում են ծրագրավորողների ամբողջական խմբեր, ու առաջ են գալիս նոր, երիտասարդ մասնագետներ։ Առիթ է եղել դիտարկելու նաև լոբբիստական ֆունկցիոներների գործունեությունը, թե ինչպես և ինչ հետևողականությամբ էր Թուրքիան ձևավորում իր դիրքերը` փորձելով ներառել իր շահերն ամերիկյան քաղաքական ծրագրերում։ Կարելի է հետևություն անել, թե ամերիկյան վերնախավի համար որքանով են էական Թուրքիայի դիրքորոշումները, և որքանով ամերիկացիները կարող են «թաքնվել» թուրքական շահերի վարագույրի հետևում` իրականում հետապնդելով բոլորովին այլ նպատակներ։ Չի կարելի չընդունել, որ ամերիկացիների կողմից թուրքական ծրագրերի ու հավակնությունների անտեսումը Եվրասիայում պայմանավորված է աշխարհամասի ներքին տարածաշրջաններում սեփական վերահսկողությունը հաստատելու ցանկությամբ։ Թուրքիայի հավակնությունները չեն համապատասխանում ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին։
Բարաք Օբաման ու Դմիտրի Մեդվեդևը գագաթաժողովում պայմանավորվեցին ռազմավարական հարձակողական զենքերի շուրջ նոր պայմանագրի մասին, ինչը զգալիորեն իջեցնելու է հակադրության մակարդակը. հավանաբար կլուծվեն փոքր ու միջին հեռահարության հրթիռների կրճատման հետ կապված հարցերը։ Դա հեռանկարներ է բացում նաև տարածաշրջաններում հակադրության մակարդակի իջեցման առումով ամենից առաջ Սևծովյան-Կովկասյան ու Կասպիական-Կենտրոնասիական տարածաշրջաններում։ Ռուսաստանը, իհարկե, կընդունի ԱՄՆ-ի նախաձեռնություններն Իրանի հետ կապված, եթե չանտեսվեն իր շահերը։ Պակիստանի կողմից միջուկային զենքի ստեղծումից հետո իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը դարձավ ժամանակի հարց, քանի որ հենց Իրանն է Պակիստանի միջուկային պոտենցիալի թիրախներից մեկը։ Անկասկած է, որ ԱՄՆ-ը կսրբագրի իր մտադրությունները ՆԱՏՕ-ի կազմի ու ազդեցության գոտու ընդլայնման առումով, մանավանդ որ դա այլևս ռազմական նշանակություն չունի։ ԱՄՆ-ի համար ավելի կարևոր է Եվրասիայում իրական ռազմական ներկայությունը, կոմունիկացիաների վերահսկողությունը, քան «կարմիր լաթով» ռուսներին գրգռելը։ Բացի այդ, սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ստորագրումով ՆԱՏՕ-ի ընդարձակումը, իբրև Ռուսաստանի վրա ճնշման միջոց, դառնալու է անիմաստ։
ԱՄՆ-ը նոր խաղ է սկսում Հարավային Ասիայում, ուր Աֆղանստանի պրոբլեմն ընդամենը խայծ է մայրցամաքային նոր համակարգ հավաքելու համար` Հնդկաստանի ու Չինաստանի ընդգրկումով։ Այս խաղի գլխավոր ինտրիգը կդառնա Պակիստանի մասնատումը։ Այդ գլոբալ ծրագրերը չեն կարող չհանգեցնել ԱՄՆ-ի ամրապնդմանը Սև ծովում, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում։ Տեսանելի ու միջնաժամկետ հեռանկարում միայն երկու տարածաշրջաններում ԱՄՆ-ը կփորձի նորովի ձևավորել իր ռազմաքաղաքական ներկայությունը` Հարավային Ասիայում ու Աֆրիկայում, որոնց շուրջ էլ կծավալվեն գլխավոր աշխարհատնտեսական պատերազմները։ Այդ պատերազմում, որպես հակառակորդ, կարող է հանդես գալ միայն Չինաստանը։
Սպիտակ տան նոր վարչակազմը փորձում է դադարեցնել պայքարը իսլամական աշխարհի հետ` հայտնվելով Չինաստանի հետ հակադրության նախաշեմին։ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումն արագացնելու ձգտումն էլ այս խնդիրների համատեքստում է։ Իրանի հետ կապված հարցերը կլուծվեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ին կհաջողվի քաղաքական մեթոդներով հասնել երկրի ֆունկցիոնալ շրջափակմանը։ Ամերիկացիները երկար տատանումներից հետո հասկացել են, որ Ալ-Ղաիդան տեխնոլոգիական պրոբլեմ է, պարզել են այդ պրոբլեմի լուծման բոլոր մեթոդները` ընդգրկելով ամբողջ աշխարհը։ Այսպիսով, տեխնոլոգիական իմաստով Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունն առաջնորդվելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ջորջ Բուշի պարագայում։ Այսինքն` մի կողմ մղելով երկրորդական խնդիրները` ԱՄՆ-ը մտադիր է վճռական ու անզիջում իրագործել հեռանկարային ռազմավարությունը։
Եվրոպական արտաքին քաղաքականությունը ներկա ճգնաժամի պատճառով կդառնա ավելի անորոշ ու քիչ հասկանալի։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համախմբված հանդես գալը հանգեցնի ֆրանս-գերմանական ավելի սերտ միասնության, որոնք կկարողանան համախմբել նաև մի շարք այլ եվրոպական երկրների։ Սակայն լիսաբոնյան արձանագրության շրջանակներում համաձայնության հույսերը չեն արդարանա։ Ակնհայտ է, որ ճգնաժամը փլուզել է ոչ միայն եվրոպական սահմանադրության հետ կապված հույսերը, այլև վնասել է Եվրամիության հիմքերին։ Դա տեղավորվում է Մեծ Բրիտանիայի ռազմավարության մեջ, քանի որ Եվրամիության արտաքին քաղաքականությունը, նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի պարագայում առանձին, ավելի կսահմանափակվի։ Եվրոպացիներն արդեն որոշակիացրել են իրենց տարածաշրջանային քաղաքականության ձևաչափը միջերկրածովյան, մերձավորարևելյան, արևելաեվրոպական տարածաշրջանների նկատմամբ։ Առավելագույնը, ինչի հույսը կարող են ունենալ Արևելյան Եվրոպայի երկրները, «Արևելյան գործընկերություն» ծրագիրն է, ինչն ինքնին արդեն քիչ չէ, բայց այդ ձևաչափի մեջ խորտակվելու են տարածաշրջանի հավակնոտ էլիտաների ծրագրերը։
Լոնդոնյան գագաթաժողովի ժամանակ ճգնաժամի վերաբերյալ ձևավորված մոտեցումները հաստատում են նաև, որ թեկուզ եվրոպացիների քաղաքականության տեմպը կնվազի, ֆրանս-գերմանական տանդեմի ու բրիտանա-ամերիկյան բլոկի միջև սկզբունքային զիջումներ չեն լինելու տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Եվրոպացիները հիմա հնարավորություն ունեն չզգուշանալու Վաշինգտոնի ու Լոնդոնի ներդրումային ակտիվությունից Արևելյան Եվրոպայում, քանի որ բրիտանական նախագծերն էապես տուժել են։ Հնարավոր է, որ Եվրամիությունն ավելի քննադատական դիրքորոշում որդեգրի ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ, հատկապես Սև ծովում, ՈՒկրաինայի ու Հարավային Կովկասի հետ կապված։ Սակայն Արևելյան Եվրոպայում արևմտաեվրոպական քաղաքականության գլխավոր բեմահարթակը կդառնան ֆրանս-ռուսական և ռուս-գերմանական հարաբերությունները, հնարավոր է այս եռանկյունու մեջ Հարավային Եվրոպայի երկրների ակտիվ մասնակցությունը։ Ճգնաժամը, անկասկած, կակտիվացնի ու ավելի պարտավորեցնող հարաբերություններ կստեղծի Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի միջև, և ԱՄՆ-ը հարկադրված է լինելու հաշվի առնել այդ փաստը։ Հասկանալի է, որ «Արևելյան գործընկերություն» նախագիծը քննադատվում է Ռուսաստանի կողմից, որովհետև վերջինս միշտ զգուշանում է Արևելյան Եվրոպայում միավորումների ստեղծումից, սակայն այդ ծրագիրը կազմված է ռուսական շահերի հաշվառումով։ ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արևելք կսահմանափակվի, ինչը թույլ կտա Ռուսաստանին` փորձեր ձեռնարկել ՈՒկրաինայում ու Հարավային Կովկասում իր վերահսկողությունն ուժեղացնելու։ Իհարկե, որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ, մասնավորապես բրիտանական քաղաքագետները, կփորձեն այստեղ Ռուսաստանին հակադրել եվրոպական ներուժը։
Ներկայումս, երբ նկատվում է քաղաքական գործիչների հետաքրքրության նվազում աշխարհաքաղաքական նոր գաղափարների նկատմամբ, առաջանում են «թարմ» վարկածներ առաջավորասիական տարածաշրջանային տերությունների դերի մեծացման վերաբերյալ։ Մասնավորապես, Թուրքիայի և Իրանի։ Անկասկած, այդ երկու երկրներն էլ ձեռք են բերում նոր, նախընտրելի դիրքեր տարածաշրջաններում ու աշխարհում։ Միաժամանակ ուժեղացել է տարբեր ուժային կենտրոնների քաղաքականությունը Թուրքիայի ու Իրանի արտաքին քաղաքականության շրջափակման, նրանց մեկուսացման ուղղությամբ։ Աշխատանք է իրականացվում այդ պետությունների կողմից կոմունիկացիաների վերահսկողությունը և նոր զինատեսակների, տեխնոլոգիաների ու ներդրումների ձեռքբերումը կանխարգելելու ուղղությամբ։ Երկու պետություններն էլ, սակայն, չեն սահմանափակում Սև ծովի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ազդեցության հասնելու իրենց ձգտումը, ինչն արժանանալու է Արևմուտքի ու Ռուսաստանի ուժեղ հակազդեցությանը։ Եթե Թուրքիան դիտարկվում է իբրև արտաքին ներդրումների համար բարենպաստ երկիր, Իրանն առայժմ այդպիսին չէ։ Բայց Անկարան էլ, Թեհրանն էլ կանգնած են ֆինանսական օգնության ու ներդրումների հետ կապված բարդ խնդիրների առջև, քանի որ Արևմուտքը հիմա նրանց ժամանակը չունի։
Ճգնաժամն ահռելի հարված է հասցրել Թուրքիայի ու Իրանի տնտեսություններին, և նրանք նոր մոտեցումների, ներդրումների կարիք ունեն, ինչը սահմանափակելու է նրանց տարածաշրջանային քաղաքականությունը։ Բայց, որքան էլ տարօրինակ է, հենց այդ իրավիճակում է, որ կուժեղանա մրցակցությունը Թեհրանի ու Անկարայի միջև Մերձավոր Արևելքի ու Եվրասիայի տարածաշրջաններում, որովհետև այս փուլը կդիտարկվի նպաստավոր` արևմտյան ազդեցության թուլացման պայմաններում «ճեղքում» իրականացնելու համար։ Կարելի է ենթադրել, որ Իրանը, որքան էլ տարօրինակ է, ավելի լավ դիրքերում է հայտնվելու, քան Թուրքիան։ Իրանի տնտեսության ինքնաբավությունը, ներմուծումը փոխարինելու բարձր հնարավորությունները, ոսկու և վալյուտայի զգալի պաշարների առկայությունը, Իրանի որոշիչ նշանակությունը նավթի ու գազի մատակարարման ոլորտում նաև հեռանկարի առումով, տնտեսության դոտացիոն բնույթը և տնտեսության պետական պլանավորման ու կառավարման մակարդակը թույլ կտան Թեհրանին` որոշ առավելություններ ունենալ ճգնաժամի պայմաններում, թեկուզ ոչ երկարաժամկետ։ Սակայն բանը միայն դա չէ։ ԱՄՆ-ը, ձգտելով կարգավորել Իրանի հետ հարաբերությունները, փորձում է նվազեցնել Թուրքիայի դերն իր ռազմավարության մեջ, և այդ մտադրություններն ինչ-որ չափով աջակցություն կստանան Իսրայելի և որոշ արաբական պետությունների կողմից։ Դա չի կարող չհանգեցնել Իրանի դիրքերի ուժեղացման Կովկասում, Կենտրոնական ու Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ-ը շրջափակել է Թուրքիայի ջանքերը իսրայելա-սիրիական հարաբերությունների կարգավորման դաշտում, քանի որ այդ ջանքերը նպատակաուղղված են ԱՄՆ-ի շահերի դեմ։ Այլ բան է Իրանը, որի դիրքորոշումից շատ բան է կախված արաբական աշխարհում` ներառյալ Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Պարսից ծոցը։
Լոնդոնյան գագաթաժողովը շատ բան որոշակիացրեց առաջատար երկրների խնդիրների և գործելաոճի առումով` նկատելիորեն նվազեցնելով շատերի հավակնությունները։ Բայց տարածաշրջանային քաղաքականության առումով, հատկապես Սևծովյան-Կովկասյան ու Կասպիական-Կենտրոնասիական տարածաշրջաններում, կշարունակվեն աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական մրցակցությունն ու հակադրությունը, բայց ավելի զուսպ տեմպերով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3148

Մեկնաբանություններ